«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։
Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Սամվել Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Ըստ աղբյուրների՝ հարազատները մինչև երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։
Նկատելի է նաև անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել Արմավիր։
Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։