Մամուլ

Ո՞վ է Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։

Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է․ նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգևատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։ 2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական: Հայտնի է նաև նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է ևս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, և ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը: Հիշեցնենք, որ հորինված և կեղծ մեղադրանքով Արմեն Աշոտյանը 2 տարի կալանավորված է, որից 15 ամիսը` բանտային, մնացածը` տնային կալանքի ռեժիմով»։