«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը և նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, և հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա:
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից և նոր պաշտպանի է ներգրավել։
Ավելին` ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը խստորեն հարցադրումներ արեց մեղադրվող կողմին, ինչպես նաև տուժողների հարազատներին և մեղադրող դատախազին՝ բարձրացնելով զոհված զինծառայողների, մյուս մեղավորների հարցը պատերազմական գործողությունների ժամանակ»։