Մամուլ

Բագրատ արքեպիսկոպոսը կրկին պատրաստվում է փողոց դուրս գալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ իշխանությունների հրաժարականի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել՝ արդյո՞ք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ո՞ր քաղաքական ուժի հետ:

Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրատվում որևէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ. «Ես ընտրություններին չեմ պատրատվում որևէ ձևով մասնակցել: Դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգևոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Սրբազանը»։