Մամուլ

Մատվիենկոն այսօր կժամանի Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երևանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի «բորտի տակից» գրկած դիմավորելու Մատվիենկոյին:

Հավելենք, որ դեռևս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան:

Այցից հետո ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։