«Հրապարակ» օրաթերթը գրում է. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը և զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, և անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են:
Կարող էին դպրոցի հին շենքը ցանկացած այլ նպատակի ծառայեցնել, այլ ոչ թե «300 դպրոց կառուցելու պլանն ապահովելու համար» հիմնահատակ քանդել։ Ստացվում է, որ իշխանությունը պետական միջոցներն ուղղակի քամուն է տալիս։ Էջմիածնի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1969-ին, հիմնանորոգում հետագայում չի արվել։ Դպրոցն ունի 600-ից ավելի աշակերտ։ Փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ, որ հասկանանք, թե ով է այս գաղափարի հեղինակը, և որտեղ են սովորելու երեխաները շինարարության շրջանում։ Սակայն գործավարուհին, իմանալով, որ հարցեր ունենք «շեֆին», անջատեց հեռախոսը։ Էջմիածնի համայնքապետարանից ևս փորձել էինք պարզաբանում ստանալ, գրավոր հարցում էին պահանջել և մինչ օրս չեն պատասխանել։ Իսկ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը՝ դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասնաշենքերն են քանդելու, այլև «տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող» 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի»: