«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել ի լուր աշխարհի «ներկայացնել» համալսարանում տիրող իրավիճակը:
Գյուրջինյանը, փոխանակ փորձի հարթել ստեղծված դրությունը, փնտրում է այն անձանց, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին ու պատկան մարմիններին՝ ներկայացնելով այն բարքերը, որոնք տիրում են համալսարանում:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 20-ին ArmLur.am-ը մի բաց նամակ էր հրապարակել, որտեղ նշված էր, որ համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո, վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել է և շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով գումարի փոխանցում: Նշվում էր նաև, որ ռեկտորը տեղյակ է տիկնոջ քայլերից: Հավելել էին, որ բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը և պրոռեկտորներ Դ. Ղազարյանը և Գ. Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս. Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում` զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը` համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում: «Տնավարության» շարքից են նաև գործուղումները. ու հիմա Գյուրջինյանը բոլոր դասախոսներին կասկածում է ու ավելի լարում չհանդարտվող իրավիճակը»։