«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից և տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաև «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):
Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին», և պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, և «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»:
Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի»: