Մամուլ

Իրավապահ համակարգում վրդովված են. ՔԿ նախագահն իրեն է վերագրել բացահայտումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել «հերոսության» մասին՝ հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՀՀ ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրայինի եթերում հայտարարել է. «Դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերևույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետևողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերևույթ հանցանք կատարած անձին»։

Ստացվում է՝ Պողոսյանի միտքը սա է. «Քաղաքացու տանից գողություն են անում, ու ինքը գնում, հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է՝ հաղորդում տվող քաղաքացին բացահայտե՞ց դեպքը ու գտա՞վ գողերին»։

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 21-ին տեղի ունեցած «դարի հանցանքի» մասին է, երբ 590 հազար դոլար էին գողացել Արթուր Պողոսյանի ղեկավարած քննչականի շենքի չհրկիզվող պահարանից։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համայնքում այս հայտարարությունը, մեղմ ասած, վրդովմունք է առաջացրել։ Բանն այն է, որ ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է Կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն Կոմիտեի, ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և ՆԳՆ ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ և հասել հանցագործին։

Իսկ ահա Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել՝ որ նման դեպք է արձանագրվել ու գումար է հափշտակվել և, առանց կարմրելու, փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել «դարի հանցագործությունը»։

Իրավապահ համակարգում այս քայլը դիտարկվում է ոչ միայն անբարեխիղճ, այլև պոտենցիալ վնասակար, այն ժամանակ, երբ համակարգում վստահության վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի: Բայց եթե ամեն մեկը գա ու սեփականացնի մյուսի կատարած աշխատանքը, այդ դեպքում ո՞ւր մնաց մասնագիտական էթիկան ու պետական շահը»։