Մամուլ

Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը:  

«Ժողովուրդ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պարզելու համար, թե որն է նախարարության այդ անակնկալ որոշման պատճառը: Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ու հայտնել, թե «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» ֆինանսավորումը տրամադրվում է, ոչ թե նշյալ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը հոգալու, այլ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով: Նշյալ ծրագրի` 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսելու հանգամանքը պայմանավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության ՀՀ մարզերում մշակութային քաղաքականության արդյունավետության ապահովմամբ, որի հիմքում ընկած են նախարարության անցկացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք բավարար չեն եղել:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ մարզերում մշակութային միջոցառումներ իրականացնելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» դրամաշնորհի հատկացման մրցույթ է իրականացվել, եւ մարզային կազմակերպություններն այսուհետեւ կարող են ֆինանսավորում ստանալ` մասնակցելով դրամաշնորհային մրցույթի», – հայտնել է Դանիելյանը»։