Մամուլ

Մհեր Սեդրակյանի գործով դատավորի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը շուրջ 4 տարի քննող դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ օղակը սեղմվում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ կասկածներ կան:

Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և դա եղավ պատճառը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:

Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, դժվար է ասել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երևան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տևող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տևող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում և ինչ է փորձում ապացուցել։

Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ., հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։