Մամուլ

Աղազարյանի կաշառքի գործով անցնողների մասով դատարանը վճիռ է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասուններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ևս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, և հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։

Արդյունքում, կաշառքի գործով Աշոտ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործը անջատվեց և ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան։ Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատարանը վճիռ է կայացրել։

Մասնավորապես, Աշոտիկ Սիրեկանի Կամավոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով։

Սլավիկ Սպարտակի Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով։

Նկատենք, որ Հովիկ Աղազարյանի առնչությամբ քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է»։