«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցային համալիրի կրակոցների դեպքը բացահայտված չէ։ Աղմկահարույց կրակոցից 1,5 ամիս անց չի/չեն հայտնաբերվել անձը կամ անձինք, ովքեր կրակեցին Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» հյուրանոցի կոնկրետ ապակիներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել էին Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքով որևէ նորություն չկա՝ չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ:
Ո՞վ կամ ինչո՞ւ կրակոցներ արձակեց «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանների ուղղությամբ. հյուրանոցից հրաժարվում են խոսել դեպքի մասին, իսկ ահա իրավապահները փնտրում են կրակողին:
Փաստ է մեկ բան՝ աղմկահարույց կրակոցներից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ինչու են կրակել։ Արդյոք վարձու մարդասպա՞ն է գործել, թե՞ ոչ, կամ միգուցե կրակոցները պատահականություն են կամ կոնկրետ անձի՞ էին ուղղված: Չի բացառվում, որ, միգուցե, կրակողը «հեղինակություն» է, և որ իրավապահները դեպքին ընթացք չեն տալիս կոնկրետ անձանց փրկելու համար, կամ գուցե կրակոցներով փորձել են «բան հասկացնել» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին։ ArmLur.am-ի հետաքննությունը շարունակվում է»: