«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ», «ՌԴ-Հայաստանի մարզերի միջև առևտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով:
Կկայանան ռուս-հայկական գործարար խորհրդի ֆորումի լիագումար նիստ և նմանատիպ այլ քննարկումներ։ Ինչպես նաև Կապանում է միջոցառում սպասվում՝ Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջև երկխոսության զարգացման թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, շուրջ երեք տարի է՝ ՌԴ-ն շահագրգռված է Կապանում հյուպատոսություն բացելու հարցում»։