«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ից վտարված պատգամավորները` ՄԱՍ կուսակցության համահիմնադիրներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, երեկ խորհրդարանում ընդունել են իրենց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին և նրանից ստացել վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը։ Հիմա գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է․ նրանք պետք է պատասխանեն` միանո՞ւմ են ՄԱՍԿ-ի նախաձեռնությանը և սկսո՞ւմ են իմպիչմենտի գործընթաց:
Էդմոն Մարուքյանը, հիշեցնենք, անցած ուրբաթ կապ էր հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ընդունելություն խնդրել, սակայն «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացել էր քննարկել` պատասխանել, բայց երեկվա դրությամբ դեռ չէր պատասխանել: Ասացին՝ նույնը Մամիջանյանն է արել, խոստանալով խմբակցության նիստ անել, քննարկել հարցը։
Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք մեկ շաբաթ առաջ խոստանում էին առանց որևէ նախապայմանի քննարկել ցանկացած թեկնածուի հարցը և նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։ Հիմա ՀՀԿ-ականները դեմ են Մարուքյանի թեկնածությանը, և երեկ մերձհհկական շրջանակներն ակնարկում էին՝ գուցե ՀՀԿ-ն է՞լ թեկնածու առաջադրի, ինչը կնշանակի հետ կանգնել իրենց խոսքից և վիժեցնել գործընթացը, քանի որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ կուսակցության համագումարի ժամանակ են հայտարարել, որ չեն համագործակցելու նախկինների հետ` նրանց թեկնածուին չեն պաշտպանելու»։