Մամուլ

Տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացուն տրված տարկետման դադարեցման (հիմք առաջանալու պարագայում) ընթացակարգի պարզեցման անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը: Տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Ըստ գործող կարգի 9-րդ կետի, «ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ: Սույն կարգի հիմքով տարկետում ստացած ուսանողների ուսումնառությունը դադարելու, կամ սույն կարգի N 2 հավելվածով սահմանված այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու դեպքում բուհերը պարտավոր են 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել նախարարությանը և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանմանը»:

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համաձայն կարգի 12-րդ կետի, կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ, ընդ որում յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում: Կառավարության որոշման նախագիծ մշակելու գործընթացում առաջանում են տարբեր խոչընդոտներ՝ կապված քաղաքացու տվյալների ճշգրտման, ժամկետների հետ, որոնք կարող են անդրադառնալ զորակոչի կազմակերպման գործընթացի վրա:

Նախագծով փոփոխություններ են նախաձեռնվել կարգի 11-րդ և 12-րդ կետերում՝ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանման միջոցով կարգավորելու և կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով: Առաջարկվում է կարգի 9-րդ կետով նախատեսված ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու, ինչպես նաև կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն տրված տարկետման իրավունքը համարվի դադարեցված առանց կառավարության որոշման (ուսումնառությունը դադարեցվի փաստի ուժով), որի վերաբերյալ զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանուցում ապահովի քաղաքացուն՝ ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը: