«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Ավելին՝ դատելով ստեղծված իրավիճակից՝ նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջև։ Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը և վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:
Այդ հորդորից հետո Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» և «անհեթեթություն» էր որակել Բաբայանի պնդումները:
Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սամվել Բաբայանի խոսքերը «անհեթեթություն» և «կեղծիք» որակելուն, ապա վերջինս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այն, քանի որ այդ դեպքում ազգային նշանակության այդ գործը կիջեցվի անձնական բանավեճի մակարդակի, ինչից չի շահի բուն քննությունը:
Եվ ահա, քննության շրջանակում նախաքննական մարմինը, ենթադրվում է, որ կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Այս անձանցից բացի այլ անձանց ևս կկանչեն հարցաքննության: Իսկ ովքեր են նրանք. մանրամասները կիմանանք առաջիկայում»։