Մամուլ

Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին ամենահասարակ անձրևն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, և հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ, վթարված տրանսպորտային համակարգ և ջրի տակ անցած տներ։ Եթե տարիներ առաջ նման պատկերներ ունենալու հավանականության մասին խոսում էին զուտ մասնագետները, ապա այսօր դրանք դարձել են գրեթե սովորական երևույթ ու տեսանելի են բոլորի համար:

Ողբերգականին մոտեցող իրավիճակի հիմնական պատճառը, 1990-ականներից սկսած, անկանոն քաղաքաշինությունն է, ուրբանիզացիայի ահագնացող տեմպերը։

Հետխորհրդային շրջանում սկսված ազատ շինարարությունը հաճախ արվել է առանց պլանավորման և ենթակառուցվածքների հետ համապատասխանեցման։ Գրեթե ամենուր բնակչությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում (խոշոր քաղաքներում)՝ դարձնելով այդ քաղաքները խիստ անհարմարավետ կյանքի համար անկանոն շինարարություններ, բարձրահարկերով սնկի պես աճող թաղամասեր, մեքենաների թվի աննորմալ աճ և այլն: Քաղաքները աճեցին, բայց գետնատար ու ջրահեռացման համակարգերը մնացին նույնը՝ կառուցված դեռևս խորհրդային շրջանում, որոնք նախատեսված չեն նման մասշտաբների ջրահեռացման համար:

Փորձագետները փաստում են, որ առանց համապարփակ ծրագրավորման ու կոմունալ համակարգերում երկարաժամկետ ներդրումների՝ քաղաքները՝ ի մասնավորի Երևանը, շարունակելու են խեղդվել բառի ամենաբնութագրական իմաստով։ Իսկ ներդրումների համար պետք կլինեն միլիարդներ, խոսքը կարող է լինել նույնիսկ կառուցապատված որոշ տարածքների քանդման մասին, ինչի տակ դժվար թե մտնի որևէ իշխանություն: Քաղաքաշինական ոլորտի գիտակ մեր աղբյուրներից մեկը նշեց, որ եթե Երևան քաղաքի գերբեռնվածությունը չթոթափվի, ապա արտակարգ ցանկացած իրավիճակ աղետալի է լինելու: Իսկ ինչպես բեռնաթափել Երևանը գոնե մեքենաներից` արդեն քաղաքական որոշման ու միջազգային փորձի ուսումնասիրության հարց է»։