Մամուլ

Կապանի քաղաքապետը տուգանվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ:

Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը և բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է` Գրիգոր Փարսյանը:

Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման: Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է: Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում»։