Մամուլ

«Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել էր շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել էր շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։

Այս հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ e-register-ից, տեղեկացավ, որ «Էվրիկա գրուպը» պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի՝ Թեմուր Ուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։

«Էվրիկա գրուպը» տուգանվել է ևս 20 մլն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը ևս նույնքան տուգանվել էր։

Տուգանվածների շարքում է նաև «Ֆլեշ» ընկերությունը, որի տուգանքը 10 մլն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»։