Մամուլ

Ո՞վ է ուզում ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետ դառնալ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոբյանին:

Ըստ դատախազության աղբյուրների՝ «հավակնորդը» ինքնագլուխ չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, և հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան և Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:

Նկատենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ այս իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը։

Նա պահանջել էր մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին, և Հակակոռուպցիոն դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։

Կորյուն Սերոբյանը նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է, որի քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: Եվ հիմա էլ նոր պաշտոնի են ցանկանում տանել նրան»։