Մամուլ

Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին է համարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, և այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները ևս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:

Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել: ՀՀ ՍԴ-ն որոշել է, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաև նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ և իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն՝ կապված վեճի էության հետ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա Մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, և բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են:

Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է»։