«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել և արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները և պարզեց, որ Հայաստանի 17, 19 և 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի և 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:
Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերևս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից»: