Մամուլ

Ֆիննախը դեռ փաստաթղթերում իրավական փոփոխություններ չի՞ արել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու:

Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչեւ մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։

Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչեւ այժմ այս հայտարարությունն իրավական որեւէ ուժ չի ստացել։

Մինչ ֆիննախը օրենքներ է փոխում հարկային օրենսգրքում, հայտարարագրման գործընթացը տեղում դոփում է, եւ Փաշինյանի խոստումը իրավական որեւէ հիմք չի ստանում։ Այսինքն՝ Կառավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։

«Ժողովուրդ» օրաթերթին ֆինանսների նախարարությունից հաստատեցին, որ Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չի ստացել, իսկ նախագիծը վերջնական շրջանառման մեջ չի դրվել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։ Ստացվում է, որ հայտարարագիր լրացրել է 750 հազար աշխատողների 1,6 %-ը»։