Մամուլ

Ո՞ւմ շահերն է սպասարկում նախկին նախարարի գրասենյակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն և պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։

Ընկերության կայքում լուր կա, որ Երևանի քրեական դատարանի որոշմամբ պետությանն առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող անձն արդարացվել է` «AM»-ի ջանքերով։

Նա մեղադրվում էր շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջը՝ առանց պետական գրանցման, առանց թույլտվության և լիցենզավորման ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակելու մեջ: Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաև իշխանավորներին է պաշտպանում:

Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը ևս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ»: