Մամուլ

«Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ գործող օրենքում փոփոխություններ են պատրաստում, որպեսզի քրեական բարձր աստիճանակարգ ունենալու կարգավիճակի գոյությունը և ունենալը դառնա քրեական հանցագործություն։

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները բացատրեցին, որ Կառավարությունը փորձում է գնալ հարևան Վրաստանի օրինակով. կձերբակալեն այսպես ասած «օրենքով գողերին», տեսախցիկի առջև հարց կտան. «Դուք «օրենքով գո՞ղ» եք, կամ քրեական աստիճանակարգում բարձր դիրք ունե՞ք, թե՞ ոչ»։ Եթե մարդը պատասխանեց` «այո», ուրեմն կկալանավորվի, եթե «ոչ»՝ ազատ կարձակեն։ Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։

Ինչ կտա այս փոփոխությունների ընդունումը` բարդ է ասել, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հարցը ձևակերպեն, որ քրեական աշխարհի ներկայացուցիչը մանևրելու տեղ չունենա։

Հիշեցնենք՝ նախարար Սարգսյանը հայտարարել էր. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։