Մամուլ

Ո՞ւմ է պարգևատրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ և նրան պարգևատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար էր Հայաստանի համար ծանր ժամանակներում, երբ ՀՀ-ում արտակարգ դրությունից հետո վտանգված էր խոսքի ազատությունը, տասնյակ քաղբանտարկյալներ կային ՀՀ բանտերում, երբ Երևանի կենտրոնում սպանվել էր 10 քաղաքացի, իսկ ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը խոսում էր նոր պրակտիկա ստեղծելու, և դա Եվրոպայի կանոններին հարմարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի ժամանակ նրան Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վանկարկումներով ու բողոքի ակցիաներով էին ընդունում, քանի որ նրա գործողություններից օրվա ընդդիմությունը դժգոհ էր: Դժգոհ էր, որովհետև նույն Թյորնբորն Յագլանդը և նրա ղեկավարությամբ ԵԽԽՎ մյուս ներկայացուցիչները փաստացի փակեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քաղաքական էջը»: