Մամուլ

Ինչո՞ւ չմասնակցեցին քվեարկությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը և նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։ Թեև քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։

Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․ «Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետևաբար, հետևանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ և նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը: Չքվեարկելը և նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանևրելու»։ Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով»։