Մամուլ

Օրենքով գող Վիտալի Թբիլիսսկին ԱԱԾ մենախցում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում է ԱԱԾ-ին կից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը կարծում է, որ Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել և ուղարկվել է դատարան։

Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, և դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։ Այսինքն՝ ակնհայտ փորձել են վարկաբեկել։ Մյուս մեղադրանքն ապօրինի հրազեն պահելն է, այստեղ էլ քննիչն առանց պաշտպանի և թարգմանչի գնացել, խուզարկել է խուցը՝ խախտումներով, ստելով, չբացատրելով, որ բովանդակային խուզարկություն է անում, վերցրել է ԴՆԹ նմուշներ, իբր թե դրանք նույնականացվել են զենքից վերցվածի հետ։ Իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում կրել-ստեղծելու մեղադրանքով նա արդարացվել է․․․ ակնհայտ է, որ Հայաստանում որոշ շրջանակներ վախենում են Վիտալի Թբիլիսսկիի հեղինակությունից, և սա է պատճառը, որ առանց խափանման միջոցի փոփոխության, մեկուկես տարի է՝ նա գտնվում է մենախցում՝ բացառելով արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ»։

Պաշտպանի խոսքով՝ Թբիլիսսկիից վերցվել է արյան նմուշ, որտեղ հայտնաբերվել է միայն «տրամադոլ» հոգեմետ դեղամիջոցը, որը բժշկի ցուցմամբ է ընդունում, քանի որ ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Վիտալի Թբիլիսսկին Հայաստանի 21 օրենքով գողերից միակն է, որը գտնվում է կալանքի տակ»։