«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում աշխատանքային նոր խումբ է ստեղծվել, որտեղ ընդգրկված են իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ: Այն գործելու է 1 տարի՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ աշխատանքային խումբը ստեղծվելու է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի (Շվեդիայի Ազգային ժողով) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագիրը կազմակերպելու նպատակով:
ԱԺ նոր ձևավորված խմբում ընդգրկված են՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը:
«Հայաստան» խմբակցությունից ներգրավված են՝Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ից դիմել են խմբակցությանը, որպեսզի հայ-շվեդական բարեկամական խմբի անդամները ներգրավվեն աշխատանքային խմբում: «Թե ինչ համագործակցության ծրագիր է իրականացվելու, դեռ հստակեցված չէ, մանրամասներ հայտնի չեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը. բայց հանուն հայ-շվեդական բարեկամության՝ նոր խումբը կգործի»: