Մամուլ

Նույն խցում են նստել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը և պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տևական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։

Հիշեցնենք․ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում` Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության կողմից և լրտեսությամբ է զբաղվել` «Սարխան» մականունով: 2020-23 թթ․ այլ երկրի հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ վերաբերմունքի, պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձավ անցած գարնանը և հենց Գորիսում ձերբակալվեց։ Մեր տեղեկություններով՝ մինչև դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ: Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել»։