Մամուլ

«Հայաստանում ոռոգման ջրի սղություն կա»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոռոգման ջրի սղություն կա, սակայն Կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, չի խոստովանում դա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել էր. «Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.

1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետև սառում է. եթե որևէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ և վճռական գործողությունների։

2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ, և ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության»:

Եկեք միասին հասկանանք՝ ջրի վերաբերյալ առհասարակ ինչ կարևոր տվյալներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դրանք իմանալու համար դիմել է ՀՀ ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ քանի՞ խորանարդ մետր ոռոգման ջրային պաշար կա: Խնդրել էինք նշել, թե քանի՞ խորանարդ մետր խմելու ջրային պաշար կա հանրապետությունում, և պահանջել էինք տվյալները տրամադրել բացարձակ թվերով, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, թե ոռոգման ջրային պաշարի քանի խորանարդն է կորչում մինչև արտ հասնելը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացանք. «ՀՀ-ում բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան ընդհանուր առմամբ կարող է ձևավորվել շուրջ 7.2 մլրդ մետր խորանարդ մակերևութային հոսք, որից 1.2 մլրդ մետր խորանարդ ջրային ռեսուրս հնարավոր է ամբարել 80 ջրամբարներում, իսկ ոռոգման նպատակով շահագործվող ջրամբարներում կարող է կուտակվել մոտ 1.02 մլրդ մետր խորանարդ (օգտակար ծավալ՝ 940 մլն մետր խորանարդ), ոռոգման նպատակով ջրառն իրականացվում է նաև այլ ջրամբարներից»,- ասված է հարցման պատասխանում։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր ջուրը խնայելուց, էկոլոգիական բարեփոխումներից, սակայն խմելու ջրի պաշարի ծավալի մասին հարցադրումները Կառավարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս են։ Նման պատասխան փոխանցել են Ջրային կոմիտեից։ Կոմիտեից խուսափել են հստակ թվերով ասել, թե ոռոգման ջրի որքան կորուստ ունի Հայաստանը, սակայն ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին»։