«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագւյն Դատական Խորհրդի անդամ:
Երեկ նրա թեկնածության քննարկման ժամանակ պարզվեց, որ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Սիրունյանի բարեվարքությանը, Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հանդես եկան հայտարարությամբ՝ ԱԺ-ին կոչ անելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան, չնայած դժգոհությունների մեծ ալիքին ու կոչերին, դեռ նախորդ տարվա ՔՊ խմբակցության նիստում որոշել էր ՔՊ-ի «սրտի փաստաբան» Ալեքսանդր Սիրունյանին, ով ատելության խոսքի «գուրու» է, հայտնի է արցախցիների ու ընդդիմադիրների վերաբերյալ խայտառակ գրառումներով, ընտրել ԲԴԽ անդամ:
Վերջինս ՔՊ կուսակցության անդամ էր, բայց հանուն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու՝ դուրս է եկել ՔՊ-ից:
Ալեքսանդր Սիրունյանը նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի փաստաբանն է եղել:
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով է Սիրունյանը Ալեն Սիմոնյանի շահերը ներկայացրել. խոսքը նախկին ոստիկանապետի՝ նռնակ նետելու գործի մասին է»: