«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունը Հովիկ Աղազարյանին հեռացրել է նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։
Բանն այն է, որ Աղազարյանը ՔՊ քվոտայով էր ընդգրկված սույն հանձնաժողովի կազմում, ՔՊ-ից հեռացվելուց հետո նրան «իգնոր» են արել նաև բոլոր միջազգային պատվիրակություններում, որոնցում ընդգրկված էր։ Ի դեպ, չնայած Աղազարյանի փաստաբանը հայտարարում էր, որ հունվարի 20-ին մեկնարկող ԱԺ նիստերին գլխավոր դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հնարավոր է մտնի ԱԺ, սակայն երեկվա դրությամբ օրենսդիրները չէին ստացել նման միջնորդություն, ավելին, մեզ ասացին, որ մոտ ամիսուկես է՝ Աղազարյանին նաև իրավապահներն են հանգիստ թողել։
Իսկ Արգիշտի Քյարամյանի գործն ընդհանրապես փակուղի է մտել, որևէ ապացույց չի գտնվել, որով կհաստատվի ՔԿ նախկին ղեկավարի այն մեղադրանքը, թե Աղազարյանը միջնորդել է իր որդու վերաբերյալ քրեական գործով»: