Մամուլ

Պատգամավորը փոխել է հանձնաժողովը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ այնտեղից գնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով։ 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հաստատեց, որ փոխել է հանձնաժողովը, իսկ առաջարկն արել է խմբակցության ղեկավարությունը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.

«Ես 2021 թվականին հաստատվել եմ որպես ՀՀ պատվիրակության անդամ Inter-Parliamentary Union-ում: Այդ պատվիրակությունն ունի 8 անդամ Հայաստանի խորհրդարանում, որոնցից մեկը ես եմ: Սեպտեմբերին այդ կառույցի երիտասարդական համաժողովը Հայաստանում եղավ, իմ գործուղումների մեծ մասը, 2021 թվականից սկսած, հենց այս միջազգային կառույցի անդամ լինելով է պայմանավորված. լինում են լիագումար նիստեր, հանձնաժողովի նիստեր, որոնցից մեկի փոխնախագահն եմ նաև։

Այսինքն՝ իմ գործունեության մաս է կազմում այս կառույցի աշխատանքներին մասնակցելը, և իմ գործուղումների մեծ մասն էլ սրանով է պայմանավորված. ուստի եթե կա առավելություն մյուս պատգամավորների համեմատությամբ, սրանով է պայմանավորված: Ինձանից ավելի հաճախ գործուղվող պատգամավորներ էլ կան՝ կախված միջազգային կազմակերպություններում իրենց ակտիվությունից:

Դա պատգամավորի գործունեության մաս է, ոչ թե վոյաժ՝ ինչպես պատկերացնում են։ Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկելու առաջարկն արել են հանձնաժողովի նախագահը և մեր խմբակցության ղեկավարությունը»: