«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս մասին ասացին` ցտեսություն: Հեռացողների թվում էին նաև ՏԿԵ նախարարի տեղակալները: Նորանշանակ Դավիթ Խուդաթյանը չցանկացավ աշխատել Վաչե Տերտերյանի և Հովհաննես Հարությունյանի հետ: Վերջինս իր էջում գրեց․ «Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ… Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։ Պարզ չեղավ` եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը:
Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դա եղել է իր և Դավիթ Խուդաթյանի միասնական որոշումը. «Խուդաթյանն իմ կուսակցական ընկերն է, և մեր որոշումները պարտադիր չէ դրական կամ բացասական կողմից դիտարկել։ Քաղաքական պաշտոնները ժամանակ առ ժամանակ ենթակա են փոփոխությունների, մարդիկ պիտի փոխվեն, քաղաքական պատասխանատվությունն այլ մարդիկ վերցնեն։ Ամեն փոփոխություն, կարծում եմ, միտված է ապարատում լավ փոփոխությունների համար»: Ասաց նաև, որ նոր առաջարկներ ունի․ «Տարբեր առաջարկներ եմ ստացել, պիտի մտածեմ», բայց չասաց, թե ինչ առաջարկներ են։ Լուրեր կան, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն բնույթի սկանդալներ կան` նաև դրանցով է պայմանավորված իր հեռանալը։ Նախկին փոխնախարարը փորձեց հասկանալ, թե որտեղից են այդ լուրերը, ապա առաջարկեց իր մասին կարծիք հարցնել Հանքագործների և մետալուրգների միությունից»: