Մամուլ

Հոսանքը չի թանկանա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տևական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, և անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել: Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել և ՀԾԿՀ անդամներին հայտնել է, որ առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա։

ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը մեզ ասաց. «Մենք սակագնի վերանայման հայտ չունենք: Սակագները վերանայվում են ոչ միայն լիցենզավորված անձանց հայտերի հիման վրա, այլ նաև հանձնաժողովի նախաձեռնությամբ»։ Իսկ վերջին շրջանում նման քննարկումներ եղե՞լ են։ «Այդ քննարկումները միշտ են տեղի ունենում։ Եկող տարվա համար եթե էլեկտրականությունը թանկացնելու որոշում լիներ, հանրությունը կիմանար»: