Մամուլ

Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը ՀՀ վարչապետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացել է նվեր՝ տղամարդու հագուստի թևքածալի վրա տեղադրվող ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օինքս։

Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ։

Տեղեկացնենք, որ եթե նշված օրենքի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»: