«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն և, ըստ, նախնական վարկածի, ում է ուզում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակել Հարկադիր կատարման ծառայության պետ։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ թեկնածուն ԴԱՀԿ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած Դավիթ Բեգինյանն է, ով խիստ նեղսրտած տարիներ առաջ հեռացել էր համակարգից:
2020 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, և շուրջ 8 ամիս կատարելով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մարտի 9-ին ազատման դիմում գրեց, նեղացած հեռացավ: Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչև ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել:
ԴԱՀԿ ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Դավիթ Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբևէ աչքի չի ընկել ակտիվությամբ, և այսօր նրանից պահանջել նոր որակի ակտիվ աշխատանք այդքան էլ իրատեսական չէ: Սրբուհի Գալյանը, սակայն, նրա հետ հույսեր է կապում»: