«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորումը և տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձևավորում՝ կ-աձև (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղևնու բնական ճյուղերով, խաղալիքներով և դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար և ձևավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաև ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձևը և այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղևնու բնական ճյուղերով։
Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա և տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տևողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:
1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ և կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,
2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,
3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, և ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։
Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։
Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ և փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:
Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։
Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տևողությունը առնվազն 1 ժամ»:
Մանրակրկտորեն կազմակերպված այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին»: