Մամուլ

Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը՝ հանձնաժողովի անդամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհուրդը ձևավորվում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է։

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 18-ին Սասուն Խաչատրյանը ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, և շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի, ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է էդիկ Հակոբյանը։

Եվ ահա, որպեսզի նախագահ ընտրվի, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի Հոդված 18-ի՝ պետք է ձևավորվի Մրցութային խորհուրդ:

1) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է խորհուրդ՝ բաղկացած Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մրցութային խորհրդում ԲԴԽ ներկայացուցիչը լինելու է ԲԴԽ գիտնական անդամ Կարեն Թումանյանը, արդարադատության նախարարությունից Եփրեմ Կարապետյանը, որը արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն է, իսկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը մրցութային խորհրդում Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ, հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն է։

Կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետն էլ սահմանում է՝ Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում է և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Եվ ըստ 9-րդ կետի՝ «Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու կամ Կառավարության կողմից համապատասխան նշանակում չկատարվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ»: