«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։
Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։
Տեղեկացանք նաև, որ ռեկտոր Գրիգորյանը պարբերաբար պետության հաշվեկշռում գտնվող մեքենան օգտագործել է սեփական շահերի սպասարկման համար։ Սա բավական չէ՝ ոչ աշխատանքային ժամին վարելով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին կցված մեքենան՝ վթարի էպիկենտրոնում է հայտնվել և վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը», երբ ծառայողական մեքենայով ոչ աշխատանքային ժամին, «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը»։