Մամուլ

ԿԿՀ-ն դատախազությունից հեռացած կադրերով են համալրո՞ւմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բարձրաստիճան պաշտոնները լրացվում են ՀՀ դատախազության կադրերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է: Ինչպես հայտնի է, երկու թեկնածու կա սահմանադրական այդ կարևորագույն անկախ մարմնի անդամի համար: Արմեն Մարուխյանի և Նարինե Ազարյանի թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:

Իսկ ովքեր են նրանք. ամենևին՝ ոչ պատահական մարդիկ: Այս տարվա մայիսի 3-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաշվետվությունն էր ներկայացնում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, դատախազը պատասխանեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մինչդեռ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ դա զրպարտություն է, որ դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետև պաշտպանող կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը:

ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել: Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել»: