«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։
Ով է Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի: Նա 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետև, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023-ի հունվարից նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։
Ղազարյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ և գրեթե 3 հազար դոլար։ Նախորդ՝ 2022 թվականի համեմատ դրանք ավելացել են գրեթե 2 մլն դրամով։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 630 հազար դրամ։ 2023 թվականից մինչև նույն թվականի տարեվերջ դրանք ավելացել են 3 մլն դրամով։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,7 հազար եվրո և 1,2 հազար դոլար։
Կանխիկ դրամական միջոցների մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։
Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։ Նորանշանակ տեղակալի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականի համեմատ ավելացել են 3 մլն դրամով։
Հաշվետու տարվա եկամուտներից 14 մլն 307 հազարը աշխատանքի վարձատրություն է ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Եկամուտներից 1 մլն 600 հազարը և 13 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն են համապատասխանաբար Հայաստանի Ամերիկյան համալսարանից և Երևանի պետական համալսարանից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 892 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»: