«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որը հրապարակվում է ՊԵԿ-ի կողմից յուրաքանչյուր եռամսյակ, հնարավորություն է տալիս որոշակի եզրակացություններ ու վերլուծություններ կատարել Հայաստանի տնտեսության կառուցվածքի ու բովանդակության մասին: Մենք նախորդիվ ներկայացրել ենք ընդհանուր վիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք մի քանի առանձին ոլորտների: Այս անգամ ուսումնասիրել ենք մեր առևտրաշրջանառության «զարկերակի»՝ բեռնափոխադրման ոլորտը: Պարզվում է, այս բնագավառի մի քանի ընկերություններ ևս հայտնվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։
Այսպես, ՊԵԿ-ի ներկայացրած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից տեղեկանում ենք, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում բեռնափոխադրող ընկերությունների մեջ բացարձակ առաջատարն է «Սպայկա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկ։ Ավելին, այս ընկերությունը լավագույն հարյուրյակում իր ոլորտի միակ ներկայացուցիչն է:
Վճարած հարկերի ծավալով տեղական 2-րդ խոշոր բեռնափոխադրող ընկերությունը «Աժդանակ» ՍՊԸ-ն է, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում վճարել է 1,2 մլրդ դրամ հարկ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 196-րդ հորիզոնականը։Ցուցակը եզրափակում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը, որը ցանկում գրավել է 968-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ 249 մլն դրամ հարկ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես բեռնափոխադրումներին գլոբալ առումով, ապա այստեղ էական դերակատարություն են ունեցել նաև օնլայն առևտրի հարթակները:
Դրանցից, ի մասնավորի, Ozon-ը այս տարի աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել. Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է... 12 անգամ, ինչը բավական ուշագրավ ցուցանիշ է:
Ուշագրավ է նաև այն, որ այդ ժամանակահատվածում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Մյուս կողմից՝ ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA. ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։ Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59 %-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը»: