Մամուլ

Ո՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտ, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, եւ այդ ընթացքում երկու քաղաքացիները պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը անխոչընդոտ կազմակերպելու համար:

Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:

Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն փորձում է պարզել, թե ով է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով: ՔՊ-ականները հրաժարվում էին հայտնել կամ խոստովանել, թե ով է միջամտել քրգործի ընթացքին: Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրները հայտնում են` երկու անգամ դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, դիմել է քննիչին, ապա Քյարամյանի տեղակալին եւ համոզել նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:

Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին. Այվազյանը դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում»: