Մամուլ

Ի՞նչ է հայտարարագրել Ջուլհակյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է հայտարարագիրը։

Համաձայն 2023 թվականի նրա հայտարարագրի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվում են 2 անձինք, որոնք աշխատում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս և լաբորատորիայի վարիչ. վերջիններս ՔՊ-ական պատգամավորի ծնողներն են։ Պատգամավորը անշարժ գույք և տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։ Սակայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ջուլհակյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն 933 հազար դրամ: Բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, որի մայր գումարը մարելու համար ՔՊ-ական պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ։

Ջուլհակյանի պարտքային և այլ արժեթղթերը կազմել են 20 մլն 10 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 9 հազար ԱՄՆ դոլարից դարձել են 7 հազար դրամ, այն դեպքում, երբ պատգամավորը որևէ ծախս սեփական հայտարարագրում չի ներկայացրել։

Ջուլհակյանը թեև ծախս չի արել 1 տարվա ընթացքում, բայց տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, որից միայն 10 մլն 480 հազարը ԱԺ աշխատակազմի կողմից տրված աշխատանքի վարձատրություն է։

Եկամտի գրեթե 9 մլն դրամը պարզապես վարկեր են «Արմսվիսբանկ»-ից, «Հայէկոնոմբանկ»-ից և «Ինեկոբանկ»-ից»։