«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար, սակայն էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչև գալիք տարվա փետրվարի 26-ը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը։ Ամբողջությամբ չներդրված ծառայության ծառայողական համազգեստի համար պետական բյուջեից հատկացվել է 35 մլն 837 հազար դրամ՝ 90 հազար դոլար։
Հիշեցնենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն էլ միայն օրերս՝ նոյեմբերի սկզբին է հայտարարվել։
Նկատենք, որ թեև թիմ ու ռեսուրս չունի նորաստեղծ մարմինը, բայց արդեն համազգեստներ են գնվել, պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ էլեկտրաշոկ, լապտեր և այլն։ Ով պետք է կիրառի՝ դեռ պարզ չէ: Բացի այս գնումներից՝ հոկտեմբերի սկզբին գործադիրը 509.5 մլն դրամ՝ 1 մլն 313 հազար դոլար հատկացրեց էկոպարեկների համար 22 նոր ավտոմեքենաներ գնելու համար»։