Մամուլ

Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված՝ թեկուզ գաղտնիության ռեժիմով։ «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ից հայտնել են, որ փակ նիստ հրավիրելու հարցով նամակ չեն ստացել։ Դրանից առաջ ևս Անդրանիկ Քոչարյանը ժամկետներ էր նշել. դեռ ապրիլին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին։ Բայց այս ժամկետներն էլ չեն պահվել. ձգվում ու ձգվում են, իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը մնում է գաղտնի պահված։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաև ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել, չի կարողանում հետևել կանոնակարգի պահանջներին, որպեսզի ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետներն ու պարտադիր ներկայացվելիք զեկույցները ներկայացվեն պատշաճ կարգով և ժամանակին: Իսկ ԱԺ կանոնակարգի խախտումը օրինախախտում է»: