Մամուլ

Նախարարները հակասո՞ւմ են իրար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի»․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների և աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։

Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ»: